«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ալտերնատիվ պատմություն. ի՞նչ կլիներ, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրվեր

Ալտերնատիվ պատմություն. ի՞նչ կլիներ, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրվեր
10.11.2026 | 13:30

Արդյո՞ք ռազմագետները կատարել են որոշակի հաշվարկ-վերլուծություն, թե ինչքան տարածքային ու մարդկային կորուստներ կկրեր Հայաստանն Արցախում 2020-2021 թվականներին, եթե չստորագրվեր չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և պատերազմը շարունակվեր մինչև ձմեռ։ Արդյո՞ք մեզ համար ավելի վատ կլիներ, քան եղավ հետո։ Հասկանանք։
Նոյեմբերի 9-ի դրությամբ թշնամին գրավել էր Արցախի հարավը և Շուշի քաղաքը՝ շուրջ 4000 քառ. կմ տարածք։ Հադրութի շրջանից դեպի Շուշի ազերիները նեղ պարանոցով ճանապարհ էին բացել՝ 3-5 կմ լայնությամբ ու մոտ 15-20 կմ երկարությամբ, որը Շուշին հուսալիորեն վերահսկելու համար իրականում բավարար չէր։
Լեռնային շրջաններում (Քարվաճառ, Մարտակերտ) մարտերի ինտենսիվությունն էականորեն նվազել էր՝ եղանակային պայմանների աստիճանաբար վատացման պատճառով։ Հայաստանն 44 օրում արդեն ուներ մոտ 4000 զոհ և մոտ 4000 քառ. կմ տարածքային կորուստ։ Եղանակի էլ ավելի վատացման և ձմռան գալուստի հետ վստահաբար լինելու էր չպայմանավորված զինադադարի պես մի բան՝ առնվազն զորքերի տեղաշարժերի էական նվազումով՝ շարունակելով միայն հեռահար հարվածները։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումն արդարացված կլիներ, եթե այդ պահից սկսած մինչև այսօր չունենայինք որևէ տարածքային ու մարդկային կորուստ հայ-ադրբեջանական ճակատում։ Բայց, ինչպես տեսանք, ստորագրումից հետո 4000 քառ. կմ լեռնային անառիկ տարածք թշնամուն զիջելով՝ խաղաղություն չեղավ։ Եվ խաղաղություն չեղավ հենց միայն այն պատճառով, որ թշնամուն զիջեցինք այն անառիկ տարածքները, որոնք ինքը գրավել չէր կարողանալու առնվազն մոտակա մի քանի ամիսներին, իսկ գուցե՝ ընդհանրապես չկարողանար։
2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-20-ը մարտերի շարունակման դեպքում Հայաստանը կկրեր ևս մի քանի հարյուր, գուցե՝ 1000-1500 զոհ և կունենար ևս 2000-2500 քառ. կմ տարածքային կորուստ։ Կարծում եմ՝ սրանք այն առավելագույն թվերն են, որոնցից ավելին մենք վստահաբար չէինք կորցնելու՝ պահպանելով Արցախի ամենալեռնային ու անտառապատ շրջանները՝ Քարվաճառը, Բերձորը, Մարտակերտի արևմուտքն ու Ասկերանի արևմուտքը (3000-4000 քառ. կմ) ։ Մինչև 2021 թվականի ձնհալը մարտերը փաստացի կդադարեին կամ կկրեին լոկալ բնույթ։ Իսկ թե ինչպե՞ս կձմեռեր թշնամու բանակը նոր գրավված տարածքներում՝ չունենալով անհրաժեշտ կացարաններ, բարվոք ճանապարհներ ու նորմալ թիկունքային մատակարարում, սրանք արդեն լրացուցիչ վնասակար գործոններ էին ազերիների համար։
Իսկ ինչպիսի՞ կորուստներ ունեցանք նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո.
1. Թշնամուն անցավ Քարվաճառի, Բերձորի (Լաչինի), Աղդամի շրջանների ամբողջ տարածքը, որտեղ ինքը որևէ մարտական առաջընթաց չէր ունեցել ու փաստացի պարտություն էր կրել այդ ճակատներում:
2. Արցախի մի գեներալիկի ուղեկցությամբ թշնամուն հանձնվեցին Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերը 2022 թվականի ընթացքում, և փաստացի Արցախը հայտնվեց շրջափակման վտանգի տակ։ Առանց այդ հանձնման Ադրբեջանը շրջափակում անելու համար պիտի մարտեր սկսեր ու 5-10 կմ լայնությամբ պարանոցը գրավեր՝ կրելով նաև զոհեր։
3. Հայաստանը կրեց տարածքային կորուստներ Ջերմուկում, Վերին Շորժայում, Սև լճում, Փայլասարում, Ներքին Հանդում և այլուր (ընդհանուր առմամբ՝ 250 քառ. կմ)՝ կրելով հարյուրավոր մարդկային զոհեր (500-ի չափ)։
4. Արցախի ճակատում պարբերաբար շարունակվեցին լոկալ մարտերը Փառուխում, Հաթերքում, Շուշիի տակ, և սպանվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Այս դրվագներով մեր զոհերի թիվը 100-ի չափ է։
5. Վերջին ամենակորստաբեր դրվագը. սեպտեմբերի 19-ին Արցախը մեկօրյա կռիվ մղեց ու ընկավ։ Կրեցինք մոտ 250 մարդկային կորուստ և մոտ 2500 քառ. կմ տարածքային կորուստ։ Արցախը հայաթափվեց։
6. Արցախի լրիվ հայաթափում թույլ չտալու և Արցախում ռուսական զորքերի մնալու համար (գոնե 10 000-20 000 արցախցի Ստեփանակերտում պահելու նպատակով) ռուսական կողմը պայթեցրեց բենզալցակայանը, որտեղից բնակչությունը վառելիք էր վերցնում։ Այդ օրը 250-ից ավելի զոհ ունեցանք։ Բայց դա տվեց հակառակ էֆեկտ. Արցախն ամբողջովին և առավելագույնս արագ հայաթափվեց։
Այսինքն՝ նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո Հայաստանն ունեցավ ընդհանուր առմամբ 7250 քառ. կմ տարածքային և մոտ 1000 մարդկային կորուստ՝ պատերազմական պայմաններում ու բենզալցակայանի պայթյունից։ Մոտ 1 մլրդ դոլարի զենք-զինամթերք մնաց թշնամուն։ Ունեցանք մի քանի միլիարդ դոլարի անշարժ գույքի ու օգտակար հանածոների հանքավայրերի կորուստ։ Մի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձավ Արցախի չգոյության երաշխիքը և Արցախի վերջնական կործանման գլխավոր պատճառը:
Իսկ եթե պատերազմը շարունակվեր մինչև 2020 թվականի տարեվերջ, իմ կարծիքով, վատագույն դեպքում տեղի կունենար հետևյալը.
1. Թշնամին երկարատև ու ծանր մարտերով կգրավեր Մարտունու շրջանը, որից հետո՝ Աղդամի շրջանի մեծ մասը և Մարտակերտի շրջանի արևելքը, գուցե նաև՝ Ստեփանակերտը։ Այսքանը։
2. Պատերազմի ինտենսիվությունն աստիճանաբար կնվազեր՝ պայմանավորված և՛ թշնամու կրած մեծ կորուստներով, և՛ եղանակային պայմանների վատթարացմամբ ու զորքերի տեղաշարժի դժվարացմամբ։
3. Լեռնային անառիկ դիրքերը դեկտեմբերի սկզբից կպատվեին ձյան շերտով, ինչը հնարավորություն կտար այդ հատվածում հայկական մարտական գնդերը տեղաշարժել անհրաժեշտ ուղղություններով, իսկ այդ գնդերի պաշտպանական գծերը պահպանել աշխարհազորի կամ թիկունքային գնդերի ուժերով։
Այսինքն, եթե չստորագրվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, և պատերազմը շարունակվեր, ապա վատագույն դեպքում կունենայինք հետևյալը.
1. Արցախի ճակատում հայ-ադրբեջանական առաջնագիծը կկրճատվեր մոտ 2 անգամ՝ ձգվելով Սոտքից մինչև Բերձոր և անցնելով անառիկ լեռնային բարձունքներով։
2. Արցախի բնակչության մեծ մասն այս դեպքում ևս կտեղահանվեր, բայց տեղահանվածների մի զգալի մասը կբնակեցվեր հենց պահպանված լեռնային շրջաններում՝ վերադարձի հավատով ու հույսով։
3. Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի թիկունքը չէր բացվի թշնամու համար, իսկ Հայաստանի տարածքի խորությունը չէր նվազի ամենանեղ հատվածներում (Ջերմուկ-Արենի, Ներքին Հանդ-Մեղրի)։
4. Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծել չկարողանալուց և իր հիմնական հարվածային ուժերի զգալի մասը կորցնելուց հետո Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել Հայաստանի մյուս մարզերի վրա։
5. Կպահպանեինք հիմնական գետերի ակունքները՝ Հագարի, Թարթառ։
Հիմա հարց. պե՞տք էր շարունակել պատերազմը, թե՞ ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եվ երկրորդ հարցը՝ վերևում նկարագրված մեզ համար հնարավոր վատագույն սցենարից ավելի վատ կարո՞ղ էր լինել, եթե պատերազմը շարունակվեր։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

Մխիթար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՖԲ էջից
Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ